ՀՀԿ-ն Փաշինյանից իշխանություն էր խնդրում․ օլիգարխիան վախեր ունի

«Այն մարդը, ով հիմա կարող է ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, կանխատեսելի էր, կպարծենա իր կանխատեսելու կարողությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը` անդրադառնալով վարչապետի քվեարկությանը և նրան, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, քանի որ նախնական տպավորությունները բոլորովին այլ էին։

Տիկին Սեդրակյանի խոսքերով՝ ամեն դեպքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեղի է ունենալու հրապարակում։ Հրապարակը որքան արթուն մնա, հռետորաբանությունը այնքան կթեժանա, և ՀՀԿ-ն կկորցնի իր լծակները։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս երեկ տպավորություն էր ստացել, որ ՀՀԿ-ն որոշել է գնալ այլ սցենարով՝ քվեարկել Փաշինյանի օգտին, բայց որոշումը փոխվեց, քանի որ ՀՀԿ-ում վախեր կան։ Վախեր կան օլիգարխիայի մոտ, ովքեր, անկախ Փաշինյանի հավաստիացումների, որ վենդետա չի լինելու, երաշխիքները չեն բավականացնում։ Նրանք ռիսկ են տեսնում, որ նոր իշխանությունները կարող են գնալ տնտեսական վերաբաշխումների, որից օլիգարխիան զգուշացավ։ «Օլիգարխիան հասկացավ, որ կարող է շատ բան կորցնել, որից էլ զգուշանալով՝ հետ կանգնեց նախնական որոշումից»,- ասաց Քոչարյանը։

Քաղաքագետ Լևոն Մարգարյանի խոսքերով էլ՝ ապրիլին մեկնարկած պրոցեսի ամենահեշտ փուլն անցել ենք և հիմա մի անվերջ թվացող շրջապտույտի մեջ ենք։ «Մեկ անձի դեմ պայքարն ավարտվել է, և հիմա շարժումը բախվում է համակարգին, որը նույնպես մի քանի փուլերով է լինելու։ Համակարգը դեռևս դիմադրում է։ Իշխանությունը մտայնություն ուներ, թե մեկ անձի հրաժարականով կարող է իրավիճակը թոթափել, բայց դա, պարզվեց, չաշխատեց։ Երկու կողմն էլ իրենց մտայնություններում հուսախաբ են եղել։ ՀՀԿ-ականները հիմա անգամ տարրական քաղաքական արժանապատվությունը մի կողմ դրած, փորձում են դիմադրել։ Նրանք այս երկու օրվա մեջ ցույց տվեցին ամեն ինչ, ցույց տվեցին, որտեղ են սխալվել, ինչքան վատ են կառավարել»,- ասաց Լևոն Մարգարյանը։

Նրա խոսքերով՝ խորհրդարանում այս երկու օրերի քննարկումներից, ելույթներից տպավորություն էր, որ նրանք խնդրում են Փաշինյանից իրենց ներգրավվել իշխանության մեջ։ Փաշինյանն էլ, ըստ էության, տալիս էր երաշխիքներ, բայց ՀՀԿ-ականներն այնքան կառչած են իշխանությունից, իրավիճակն այնքան անսովոր էր իրենց համար, որ վերջին պահին հետ կանգնեցին ռիսկի գնալուց։ ՀՀԿ-ականները ԱԺ-ում բեմադրեցին անգամ տրագիկոմեդիկ իրավիճակ՝ փորձելով ցույց տալ, որ միայն իրենք կարող են իշխանության մնալ, որպեսզի Արցախին ու Հայաստանին վտանգ չսպառնա։

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ էլ, եթե ՀՀԿ-ն լիներ ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի կարգավիճակում, և մարդիկ հույս ունենային, որ կարող են մնալ, գուցե քվեարկության մեջ տարակարծություն լիներ, ՀՀԿ-ն ջլատվեր, բայց ՀՀԿ-ն միշտ իշխանության է եղել, և այս օրերին էլ հնչած կարծիքները, որ իրենք կարող են կորցնել ամեն ինչ, կոնսոլիդացրեց ՀՀԿ խմբակցությանը։ «Եվ ես կարծում եմ, որ եթե առաջիկա շաբաթվա մեջ չլինեն, հանրապետականը նույն կերպ կոնսոլիդացված է մնալու։ Երաշխիքները պետք է հստակ լինեն»,- ընդգծեց քաղաքական տեխնոլոգը։

Մեր զրուցակից քաղաքագետները անդրադարձան նաև Ռոբերտ Քոչարյանի հանկարծակի հայտնվելուն։ Նրանց խոսքերով՝ Քոչարյանի հայտնվելը նշանակում է, որ համակարգը նորից կորցրել է ադեկվատությունը, և այդ պայմաններում խոսել սպառնալիքի լեզվով, անընդունելի է։

Թե ինչպես կհանգուցալուծվի այս դրամատիկ իրավիճակը, մեր զրուցակիցներից ոչ ոք չկարողացավ հստակ պատասխանել, քանի որ իրավիճակները զարգանում են ժամ առ ժամ, քննարկվում են բոլոր սցենարները երկու կողմից էլ։