AM RU

Թիվ 11 դպրոցի սկանդալային նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզան Ազիզյանն արտագաղթել է Լոս Անջելես

 

Այսօր սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ՝ Լոս Անջելես: Օգտատերերից մեկը հրապարակել էր լուսանկար, որում Ռուզան Ազիզյանը Լոս Անջելեսի օդանավակայանում է:

Araratnews.am-ը կապ հաստատեց տնօրենի դստեր՝ Լիլի Սարգսյանի հետ՝ տեղեկության հավաստիությունը ճշտելու: «Շատ տխուր է: Չեմ պատասխանում ձեր հարցին»,- ասաց Ռուզան Ազիզյանի դուստրը:

Մեր դիտարկմանը, թե Լիլի Սարգսյանը չի հերքում տեղեկությունը, նա ասաց. «Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»:

Այլ հարցերի պատասխան մեզ ստանալ չհաջողվեց, քանի որ Լիլի Սարգսյանը, որը, ըստ նրա ֆեյսբուքյան էջի, աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, անջատեց հեռախոսը:

Ռուզան Ազիզյանի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց: Նրա հեռախոսահամարն անջատված էր:

Հիշեցնենք՝ Ռուզան Ազիզյանը Սերժ Սարգսյանի կուրսեցին է: Նա սպառնացել էր իր դպրոցի պայքարող ուսուցիչներին աշխատանքից ազատել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին միանալու՝ դասադուլ անելու համար: Վարչապետի հրաժարականից հետո դպրոցի ուսուցիչների, ծնողների պահանջով Ազիզյանը հրաժարական տվեց: Նա մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության օգտին ձայներ բերելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել էր Ռուզան Ազիզյանի հասցեին հնչող մեղադրանքներին եւ ընթացք էր տվել դրանց: